ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Բանալին պետք է փնտրել ոչ թե Տիգրանաշենում (Քյարքիում) և Արծվաշենում, այլ... Երևանի փողոցներում

Բանալին պետք է փնտրել ոչ թե Տիգրանաշենում (Քյարքիում) և Արծվաշենում, այլ... Երևանի փողոցներում
24.11.2025 | 11:38

Ըստ Փաշինյան Նիկոլի, Ադրբեջանի հետ սահմանազատման արդյունքում Հայաստանը վերադարձնելու է Արծվաշենը: Հավատում ենք Փաշինյան Նիկոլին, թե չենք հավատում, այլ հարց է: Անձամբ ես չեմ հավատում, սակայն երբեք չեմ հրաժարվի «վերադարձվող» Արծվաշենից:

Խնդիրն այն է, որ Հայաստանի բնակիչների զգալի մասն այն կարծիքին է, որ Տիգրանաշենը (Քյարքին) չպետք է տալ, Արծվաշենը չպետք է վերցնել:

Հիմնականում, որպես «չտալու և չվերցնելու» հիմնավորում ներկայացվում է Տիգրանաշենի (Քյարքիի) աշխարհագրական դիրքը, լոգիստիկան:

Լավ, ենթադրենք` այդպես է: Այդ դեպքում կամ պետք է հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումից, կամ` փոխանակել անկլավները: Սակայն, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը միայն Հայաստանի մասնակցությամբ չի ընթանում: Նույնը` անկլավների փոխանակումը:

Ընդ որում, հիշեցնեմ` թե´ առաջին, թե´ երկրորդ հարցում, բացի Ադրբեջանից, կարևոր դերակատարում ունեն նաև այլ պետություններ:

Այս իմաստով, «Տիգրանաշենը (Քյարքին) չտանք, Արծվաշենը չվերցնենք» նախաձեռնությունը ոչ միայն անհասկանալի է, այլև` վտանգավոր:

Նախ` ինչպես ասացի, սահմանազատման իրականացումն արդեն որոշված է: Բացի դրանից` ո՞վ ասաց, որ Ադրբեջանը հեշտ ու հանգիստ համաձայնվելու է փոխանակել անկլավները: Եվ, ընդհանրապես, ինչու՞ պետք է Ադրբեջանն անկլավների փոխանակմանը հավանություն տա այն դեպքում, երբ «ադրբեջանական անկլավների» ընդհանուր տարածքը կազմում է 59.7 քառ. կմ, իսկ Արծվաշենինը` 40 քառ. կմ: Պետք չէ ադրբեջանցիներին թերագնահատել: Վերջիններս նույնպես լավ են հասկանում աշխարհագրական դիրքերից և լոգիստիկայից:

Ընդ որում, հիշեցնեմ, որ Ադրբեջանի շահերից է բխում նաև անկլավները վերցնելն ու Արծվաշենը չտալը:

Մի խոսքով, եթե չենք կարող Հադրութը, Մարտակերտը, Կարսը, Վանը և Ստեփանակերտը վերադարձնել, ապա միանշանակ չենք կարող «Տիգրանաշենը (Քյարքին) չտալ, Արծվաշենը չվերցնել»: Բոլոր հարցերը փոխկապակցված են:

Իսկ «Տիգրանաշենը (Քյարքին) չտանք, Արծվաշենը չվերցնենք»-ի ջատագովները, ի վերջո, պետք է գիտակցեն, որ ներկա իրավիճակում ամենահավանականը «բոլոր անկլավները տվեցինք, Արծվաշենը չվերցրինք» սցենարն է: Եվ, եթե վերջիններս չեն ցանկանում, որ նման սցենարն իրագործվի, ապա դրա բանալին պետք է փնտրել ոչ թե Տիգրանաշենում (Քյարքիում) և Արծվաշենում, այլ... Երևանի փողոցներում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Լուսանկարում՝` Արծվաշենի աղբյուրը

Դիտվել է՝ 2975

Մեկնաբանություններ